Ռեժիսոր Օլիվեր Սթոունը Պուտինին դատարկ տուփ է նվիրել. Variety
Ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծավալուն հարցազրույց անցկացնելուց հետո նրան պատահաբար դատարկ տուփ է նվիրել, հայտնում է Variety-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ զրույցի ընթացքում Սթոունը խորհուրդ է տվել ռուս ղեկավարին դիտել Սթենլի Կուբրիկի «Բժիշկ Սթեյնջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ ու սիրեցի ռումբը» ֆիլմը:
Նշվում է, որ Սթոունն ու Պուտինը միասին մի հատված են դիտել ֆիլմից, ինչից հետո ռեժիսորը ՌԴ նախագահին է տվել դրա DVD տարբերակը:
Variety-ն գրում է, որ Պուտինը վերցրել է նվերն ու, բացելով այն, հայտնաբերել, որ տուփը դատարկ է: Այդ պահը ֆիքսել են տեսախցիկները: Նշվում է, որ տուփը դատարկ է եղել, քանի որ սկավառակը մոռացվել էր DVD նվագարկչի մեջ:
«Տիպիկ ամերիկյան նվեր», – կատակել է Պուտինը:










