«Գահերի խաղի» նոր եթերաշրջանում ռեկորդային թվով մարդ է «հրկիզվել»
«Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակները հայտնել են, որ յոթերորդ եթերաշրջանի ստեղծման ժամանակ իրենք նկարահանման հարթակում հրկիզվող մարդկանց թվի առումով ռեկորդ են սահմանել: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
«Մարտի մի տեսարանում մենք այնքան կասկադյոր ենք հրկիզել, որքան դեռ ոչ ոք չի արել», - պարծեցել է նախագծի պրոդյուսեր և սցենարի հեղինակ Դևիդ Բենիոֆը:
Նրա խոսքով՝ կասկադյորների ղեկավար Ռոուլի Էռլեմը «շատ է ցանկացել դրա հաշվին ներառվել Գինեսի ռեկորդների գրքում»:
Էռլեմը նշել է, որ նկարահանման հարթակում միաժամանակ վառվում է 20 մարդ, իսկ ընդհանուր առմամբ տեսարանում հրկիզվել է 73 դերասան: Նա ավելացրել է, որ, սյուժեի համաձայն, մարդկանց վրա հարձակվում են կրակ արտաշնչող վիշապները:
Նշվում է, որ նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա հուլիսի 16-ին՝ HBO հեռուստաալիքով, և կներառի յոթ սերիա:
Հայտնի է, որ «Գահերի խաղը» թողարկվում է 2011 թվականից: Յոթերորդ մասը կդառնա նախավերջինը, իսկ ութերորդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն աշնանը: Սերիալի գրական հիմք է հանդիսացել ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքերի ցիկլը:










