Բրեդ Փիթը հանդես է եկել եղանակի տեսության հաղորդավարի դերում՝ անդրադառնալով կլիմայի վերաբերյալ Թրամփի որոշմանը (տեսանյութ)
Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթն անսպասելիորեն հանդես է եկել եղանակի տեսության հաղորդավարի դերում՝ մասնակցելով Ջիմ Ջեֆրիսի շոուին, որը հեռարձակվում է Comedy Central հեռուստաալիքի եթերում:
Փիթի զվարճալի ելույթով հատվածը հրապարակվել է հեռուստաալիքի YouTube-ալիքում:
Կոստյում հագած Բրեդ Փիթն իր ելույթի ժամանակ հայտնվում է աշխարհի կարմիր-նարնջագույն քարտեզի ֆոնին և ուրախ հայտնում, որ մոլորակի կլիման տաքանում է:
«Ապագայի որևէ կանխատեսում ունե՞ք մեզ համար», - հարցնում է Ջեֆրիսը:
«Ունեմ: Ապագա չկա», - պատասխանում է Փիթը և ժպտում:
«Հիանալի է», - ավելացնում է Ջեֆրիսը:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Փիթը նման կանխատեսում է արել ԱՄՆ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին համաձայնագրից դուրս գալու լուրերի ֆոնին:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել էր Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին, ինչն արժանացել է բուռն քննադատության մի շարք երկրների ու քաղաքական գործիչների կողմից։










