Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 30 հրատարակչություն է փակվել
Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում լուրջ ճնշման տակ են հայտնվել ոչ միայն լրատվամիջոցներն ու ընդդիմադիր լրագրողները, այլև մի շարք հրատարակչություններ, որոնք այլընտրանքային գրականություն են մատուցում թուրքական հասարակությանը:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի հրատարակիչների միության պատրաստած նոր զեկույցին, Թուրքիայում արտակարգ դրության հաստատումից ի վեր երկրում փակվել է 30 խոշոր հրատարակչություն:
Հրատարակչությունների ցանկից պարզ է դառնում, որ դրանք հիմնականում քրդամետ, ձախակողմյան ու ընդդիմադիր թեմաներով գրքեր ու ամսագրեր լույս ընծայող կառույցներ են:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










