Արիզոնայի բնակիչն իր ավտոտնակում պատահաբար հայտնաբերել է Ջեքսոն Պոլոքի կտավը (լուսանկար)

15:53 • 13.06.17

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի բնակիչն իր ավտոտնակում պատահաբար հայտնաբերել է ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Ջեքսոն Պոլոքի կտավը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ տղամարդը տեղափոխվելիս է եղել ծերանոց, ինչի պատճառով որոշել է վաճառել ավտոտնակում գտնվող հին իրերը: Իրերի արժեքը բացահայտելու նպատակով նա դիմել է աճուրդախոս Ջոշ Լևայնին, որը տղամարդու կտավների հավաքածուում հայտնաբերել է ոճով Ջեքսոն Պոլոքի աշխատանքները հիշեցնող կտավը:

Նշվում է, որ Լևայնը դիմել է կտավի տիրոջ փաստաբանին և պարզել, որ նկարը տղամարդուն է հասել նրա քրոջ միջոցով, որն ընկերություն է արել 20-րդ դարի ամենահայտնի նկարիչների՝ Հեզեն Գուգենհայմ Մաքքինլիի և Ջեքսոն Պոլոքի հետ: 1990-ականներին կինը մահացել է՝ հավաքածուն թողնելով իր եղբորը: Տղամարդը երբեք չի եղել արվեստի երկրպագու, ահա թե ինչու նա միայն տեղափոխվելու պահին է հայտնաբերել քրոջ հավաքածուն:

Ավելի քան մեկ տարի Լևայնը ծախսել է տղամարդու քրոջ կենսագրությունը և նրա կապը Պոլոքի հետ ուսումնասիրելու վրա: Նա դիմել է մասնագետների օգնությանը և համոզվել, որ կտավի հեղինակն իրոք Ջեքսոն Պոլոքն է:

Աճուրդախոսը պատմել է, որ կտավը լրջորեն վնասված է և վերականգնման կարիք ունի: Նրա խոսքով՝ վերականգնման համար 50 հազար դոլար կպահանջվի, սակայն ավելի ուշ այն կներկայացվի աճուրդում, որտեղ նմուշի մեկնարկային գինը կլինի 10-15 միլիոն դոլար:

Արիզոնայի բնակիչն իր ավտոտնակում պատահաբար հայտնաբերել է Ջեքսոն Պոլոքի կտավը (լուսանկար)