Տուլայում հոսպիտալացվել է «Любэ» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը
Ռուսաստանի Տուլա քաղաքի բուժհաստատություններից մեկն է տեղափոխվել հայտնի «Любэ» («Լյուբե») խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը, հայտնում է interfax.ru-ն:
«Շտապօգնության մեքենան երգչին վերցրել է անմիջապես այն հարթակից, որտեղ պետք է կայանար Ռաստորգուևի մասնակցությամբ համերգը»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ռաստորգուևը չի կարողացել ելույթ ունենալ Տուլայում կայացած տոնական համերգի ժամանակ, քանի որ բեմ բարձրանալուց առաջ իրեն վատ է զգացել: Սակայն խմբի մյուս երաժիշտները դուրս են եկել բեմ ու ելույթ ունեցել տեղի արտիստների հետ:
Նշենք, որ Ռաստորգուևը 60 տարեկան է: Նա «Любэ»-ի հիմնադրումից ի վեր (1989թ.) խմբի մեներգիչն է:










