Թուրքիայում լույս է տեսել Ստամբուլի հայաշատ Թաթավլա շրջանի պատմությունը ներկայացնող գիրք
Թուրքիայում լույս է տեսել Ստամբուլի հայաշատ թաղամասերից Թաթավլայի՝ ներկայիս անունով Քուրթուլուշի պատմությունը ներկայացնող «Թաթավլայից մինչև Քուրթուլուշ» գիրքը։ Գրքի հեղինակն է Հուսեյին Ըրմաքը։
Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից լույս ընծայված գրքում առկա է Թաթավլայում մեծամասնություն կազմող հայկական և հունական համայնքին պատկանած սպորտային և մշակութային ակումբների, հին շինությունների, դպրոցների ու եկեղեցիների մասին կազմված հատուկ արխիվը, ինչպես նաև Թաթավլայի հին շունչը փոխանցող կոլորիտային պատմություններ, որոնք փոխանցում են Պոլսի անցյալն ու ներկան, հայերի կյանքը Պոլսում ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջ։
Հեղինակը նկատում է, որ հենց հայաշատ թաղամասերում պետությունը հատուկ քաղաքականություն էր որդեգրել տեղի հին փողոցների ու պողոտաների անվանափոխման հետ կապված. հայերի ապրած թաղամասերում հին փողոցները դիտավորյալ անվանափոխվում էին թուրք ազգայնական գործիչների պատվին։
Այդպես, օրինակ, Թաթավլայի պաշտոնական անունը վերանվանեցին «Քուրթուլուշ» (Փրկություն)՝ ի պատիվ քեմալական ազգայնական շարժման, նույն տարածքում հայտնի է «Գորշ գայլ» թաղամասը, Թալեաթ փաշայի անվան փողոցը և «Էրգենեկոն» ազգայնական խմբավորման անունը կրող պողոտան, որը ստամբուլահայերն ի պատասխան իշխանությունների նման քայլի որոշել են կոչել «Հրանտ Դինքի պողոտա»։
Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում՝ 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:










