Ստամբուլահայ սյունակագիրը բացահայտում է Էսքիշեհիրի հայկական անցյալը
Ստամբուլահայ սյունակագիր Սիրան Ջամգյոզը Արևմտյան Հայաստանի և ժամանակակից Թուրքիայի այլ՝ նախկինում հայաշատ շրջաններով շրջագայելով հետաքրքրական փաստեր է ներկայացնում տվյալ քաղաքների հայկական անցյալի, այստեղ հայերից մնացած հետքերի և մշակութային ժառանգության մասին։
«Հայաթա դաիր» անունով իր բլոգում Սիրանն այս անգամ պատմել է Թուրքիայի արևմուտքում գտնվող Էսքիշեհիր քաղաքի հայկական թաղամասերի ներկայիս վիճակի մասին։
«Եթե տեղացիներից որևէ մեկին ասես «Այստեղ ժամանակին հայեր էին ապրում»՝ միանգամից կպատասխանեն. «Իհարկե, ջանս»։ Բայց «102 տարի առաջ այստեղ հայեր կային» ասելով չի սահմանափակվում իրականության հետ բախվելը, ասելը քիչ է», - նշում է Ջամգյոզը, ում ուսումնասիրությունը փաստում է, որ Էսքիշեհիրի տարբեր թաղամասերում հայերի թիվը հասնում էր 35 000-ի։
«Հատկապես քաղաքի կենտրոնում հայերի հետքերը ջնջելու հարցում ջանասիրաբար աշխատել են։ Ի դեպ՝ կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու շենքը, որը վերածվել է «Զուբեյդե հանըմ» մշակույթի կենտրոնի» և ժողովրդի մեջ հայտնի է որպես էրոտիկ ֆիլմեր ցուցադրող սրահ մշակութային ցեղասպանության ևս մեկ վառ ապացույցն է», - շարունակում է ստամբուլահայ սյունակագիրը։
Այստեղ դեռ կանգնուն են հայկական մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ Սուրբ երրորդության տաճարը, կարելի է տեսնել նաև Մեսրոպյան վարժարանի շենքը, որը կիսավեր վիճակում է սակայն։
«Այստեղ բոլորը գիտեն ռուս-թուրքական պատերազմի ժամանակ «աքսորված» հայերի մասին, թեև հարց է առաջանում՝ Էսքիշեհիրում ոչ օկուպացիա կար, ոչ ռուսական զորք, աքսորը ի՞նչ հիմունքներով է իրականացվել», - հռետորական հարցադրում է ուղղում Սիրան Ջամգյոզը։













