Մահացել է «Ռոքքի» ֆիլմի ռեժիսոր Ջոն Էվիլդսենը
Լոս Անջելեսում 81 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր Ջոն Էվիլդսենը, որն առավել հայտնի է իր «Ռոքքի» և «Կարատեիստ տղան» ֆիլմերով, հայտնում է lenta.ru-ն։
Կինոգործչի որդու խոսքով՝ մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։
1976 թվականին նկարահանված «Ռոքքի» ֆիլմը՝ Սիլվեստր Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ, արժանացել է 3 «Օսկարի»՝ որպես լավագույն ֆիլմ, նաև՝ լավագույն ռեժիսուրայի և մոնտաժի համար։ Սիլվեստր Ստալոնեի համար այս դերն առաջին նշանավոր դերն էր կինոյում, և նրան մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում։
Էվիլդսենի լավագույն ֆիլմերից է նաև «Կարատեիստ տղան», որը նկարահանվել է 1984 թվականին։ 1986-ին նա նկարահանել է «Կարատեիստ տղան-2»-ը, իսկ 1989-ին՝ այդ շարքի երրորդ ֆիլմը։










