Չինաստանում «Օտարը. ուխտ» ֆիլմից կտրել են Ֆասբենդերի՝ ինքն իր հետ համբույրի տեսարանը
Չինաստանում գրաքննիչներն «Օտարը. ուխտ» ֆիլմից կտրել են տեսարանը, որտեղ համբուրվում են դերասան Մայքլ Ֆասբենդերի դերակատարմամբ երկու անդրոիդները: Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Չինական վարձույթ դուրս եկած ֆիլմը կրճատվել է վեց րոպեով: Բացի Ուոլթեր և Դևիդ անուններով անդրոիդների համբույրից՝ ֆիլմից հանվել են արյունոտ տեսարանները:
«Այլ պահերին դա այդքան էլ նկատելի չէ, բայց տեսարանում, որտեղ պետք է լինի գեյ-համբույր, զգացողություն է հայտնվում, որ մի բան պակաս է»,- պատմել է հանդիսատեսից մեկը:
Նշվում է, որ նախկինում չինական վարձույթում բռնության տեսարաններ են կտրվել «Լոգան» և «Չարի կացարանը. Վերջին գլուխը» ֆիլմերից:
«Օտարը. ուխտ» ֆիլմի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է: Ֆիլմում նկարահանվել են Մայքլ Ֆասբենդերը, Ջեյմս Ֆրանկոն, Քեթրին Ուոթերսթոնը և Նումի Ռապասը:










