ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով. Պետդեպ

03:26 • 22.06.17

ԱՄՆ-ը խիստ մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին շրջանի խախտումներով, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի Լեռնային Ղարաբաղի շփման գծում, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։


«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի սրացումից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների անհապաղ քննարկումը։


ԱՄՆ-ն կշարունակի ինտենսիվ կերպով համագործակցել կողմերի հետ։  Հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը։ Մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից։

«Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից»,- ասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նաև նշվում էր, որ Երևանում և Բաքվում համանախագահները կոչ են արել կողմերին «բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններին»: