Արայիկ Խանդոյանին դատական նիստից հետո տեղափոխել են պատժախուց.պաշտպան
Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան բերելուց առաջ խուզարկել և իբր արգելված իր են գտել,իսկ դատարանից տանելուց հետո նրան ոչ թե խուց,այլ պատժախուց են տարել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Հարցին,թե ի՞նչ իրի մասին է խոսքը,Արայիկ Պապիկյանն ասաց,որ այդ մասին դեռ չի հայտնի և կսպասի,որ ՔԿՀ վարչությունը հայտնի «արգելված իրի» մասին։
«Նրանք նախապես անձի նկատմամբ հոգեբանական ճնշում են սկսել։ Օրինակ,որպեսզի դատարանում չխոսի, մեկուսացումը նաև հոգեբանական ճնշման ձև է: Նա վատառողջ է, հաշմանդամ, բժշկի կարիք ունի: Եթե հաջողվի անձին ֆիզիկապես ու հոգեբանորեն ճնշել կամ ընկճել, ապա որևէ պայքարի կամ պաշտպանվելու վրա դա ուղղակիորեն կազդի»,-ասաց Պապիկյանը։
Պաշտպանի խոսքով՝ Խանդոյանին ամբողջ օրը բացարձակապես ոչինչ, ոչ մի սնունդ չեն տվել,անգամ դեղորայքը տվել են բավականին ուշ ժամի։
Հիշեցնենք,որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։










