Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի Ազնավուրի անվանական աստղը
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտնվել է հանրահայտ արվեստագետների ցանկում, որոնք իրենց անվանական աստղն են ստանալու Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, այս մասին տեղեկացրել է Փառքի ծառուղու ընտրական հանձնաժողովը, որի նախագահ Վին Դի Բոնայի խոսքով՝ ի սկզբանե սեփական աստղը ստանալուն հավակնել են հարյուրավոր մարդիկ, սակայն հունիսին կայացած հանդիպման շրջանակում ընտրվել են մի քանիսը:
Նշվում է, որ Ազնավուրից բացի՝ իրենց անվանական աստղերը կունենան դերասանուհիներ Ջինա Լոլոբրիջիդան, Կիրսթեն Դանստը, Ջենիֆեր Լոուրենսը և այլ հայտնիներ:
Անվանական աստղերի բացման արարողությունը տեղի է ունենալու 2018թ.:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի 93-ամյա Ազնավուրն ԱՄՆ հայ համայնքի կողմից Փառքի ծառուղու անվանական հուշատախտակ էր ստացել՝ արվեստի ոլորտում ունեցած ահռելի ավանդի համար:
Նշենք, որ Ազնավուրն իր բեղուն կարիերայի ընթացքում գրել է 800-ից ավելի երգ ու ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 180 մլն ձայնասկավառակ: Նրան հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»:











