ԼՂ հարցում Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ. Էրդողան

10:09 • 24.06.17

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: Այդ մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Անկարան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:


«Մենք խոսում ենք մի լեզվով և հանդես ենք գալիս նույն դիրքերից»,- ասել է Էրդողանը:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Նշենք, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է Թուրքիան տեսնել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Սակայն ավելի վաղ, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այդ մասին որևէ տեղեկություն չկա։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային ձևաչափի փոփոխության մասին։ Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չեմ էլ լսել, որ նման քննարկումներ են ընթանում։ Ես նկատի ունեմ ոչ թե լրատվամիջոցները, այլ փորձագետներին, որոնք իրականում զբաղվում են այդ խնդրով»,- ասել էր Մարիա Զախարովան։