Արայիկ Խանդոյանին պատժախուց են տարել նրա մոտ փոքր չափի գումար հայտնաբերելու համար. պաշտպան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան տանելուց առաջ խուզարկելու ժամանակ հայտնաբերված արգելված իրը փոքր չափի հասնող գումար է: Նրա մոտից դատարան տանելուց առաջ գումարը վերցրել են և չեն հայտնել, որ վերադարձին պատժախուց են տանելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Արայիկ Խանդոյանի մոտ հայտնաբերվել է փոքր չափի գումար, որով նա այդ օրվա մանր կենցաղային հարցերը կկարողանար լուծել: Խանդոյանը, հաշվի առնելով «Սասնա ծռերից» 14-ի գործով նախորդ դատական նիստը, այս նիստի ընթացքում ջուր գնելու, գուցե նաև դեղորայքի ու սննդի համար վերցրել է այդ գումարը»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ օրենքը կալանավորված կամ դատապարտված անձանց չի արգելում հաշվեհամար ունենալ, գումար ստանալ և այլն, սակայն օրենքն ասում է, որ այն կարող է կարգավորվել քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով. «Այսինքն, եթե ՔԿՀ-ն է կարգավորում, ապա այդ դեպքում ևս ՔԿՀ-ն Արայիկ Խանդոյանին գումարը որպես արգելված իր լինելու մասին երբևէ չի տեղեկացրել: Բացի այդ, Խանդոյանի սենյակում դրա նախորդ օրը խուզարկություն է եղել: Այստեղ հարց է առաջանում՝ կա՛մ խուզարկելիս գումարը չեն նկատել, կա՛մ տեսել են, բայց Խանդոյանին չեն ասել, որ արգելվում է գումար ունենալը, որ հետագայում դա օգտագործեն իր դեմ»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ իրենք օրենքով սահմանված կարգով հնարավորություն ունեցել են պատժախուցում գտնվելու հնգօրյա ժամկետը նվազեցնելու համար դիմում-խնդրանք գրել ՔԿՀ պետին, սակայն Խանդոյանը հրաժարվել է. «Նա նախընտրեց պատժախցում մնալ, սակայն չխնդրել»:
Պաշտպանն ասաց, որ Խանդոյանին պատժախցում պահելու հնգօրյա ժամկետը սպառվում է այսօր ուշ երեկոյան:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ
հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։










