$10 մլն.-ի ներդրումը կատարվելու է ուղևորահոսքի աճին զուգահեռ. Սերգեյ Ավետիսյանը՝ «Շիրակ» օդանավակայանի մասին
«Շիրակ» օդանավակայանում 10 մլն դոլարի ներդրումը, իհարկե, կատարվելու է ուղևորահոսքի աճին զուգահեռ, որովհետև եթե մենք ապահովենք ուղևորափոխադրումների աճ, պետք է որոշ ենթակառուցվածքների փոփոխություն անենք:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում այս մասին ասել է կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով Գյումրիի Շիրակ օդանավակայանի շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ծրագրով նախատեսված 10 մլն դոլար ներդրումներին, որից 2-2,5 միլիոնն այս տարվա ընթացքում պետք է լինի:
«Չեմ կարող ասել, որ «Շիրակ» օդանավականն այնտեղ է, որտեղ ես իրեն կտեսնեի, բայց հույսեր եմ կապում, որ դա լինելու է ակտիվ և դինամիկ աշխատող օդանավակայան»,-ասել է Սերգեյ Ավետիսյանը:
Անդրադառնալով Կապանի օդանավականում օրերս կատարված վայրէջքին՝ նա հստակեցրել է, որ ոչ թե փորձնական էր այդ թռիչքը, այլ՝ սիրողական:
«Թռիչքն իրականացնողը մեր հրավերով էր եկել Հայաստան: Մենք միասին մի պրոյեկտ ենք նախաձեռնել՝ փոքր ավիացիայի զարգացման և մասնավորապես մեր ուսումնական կենտրոնի ակտիվացման հետ կապված, որպեսզի սիրողական օդաչուները, որոնք ուզում են ստանալ օդաչու կոչվելու իրավունք, կարողանան մեր ուսումնական կենտրոնի շրջանակներում ստանալ այդ փաստաթուղթը»,-ասել է Քաղավիացիայի վարչության պետը:
«Կապանի օդանավակայան վայրէջքը սիրողական էր՝ սեփական օդանավով: Կապանի աերոդրոմը համարվում է Հայաստանում ամենաբարդը: Իսկ թե երբ կգործարկվի այն, տոմսերն ինչ գների կլինեն՝ վաղ է խոսել այս պահին»,-ասել է Սերգեյ Ավետիսյանը:
Քաղավիացիայի վարչությունն այս տարի նախաձեռնել է իրականացնել աերոդրոմների ուսումնասիրություն, թե ինչ վիճակում են դրանք, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարող է զարգանալ քաղավիացիան:
«Մենք ունենք շուրջ 16 աերոդրոմ, բայց ուսումնասիրությունից հետո, հավանաբար, կգործարկվի 3-4-ը: Դեռ գների մասին վաղ է խոսել, փոքր ավիացիան քաղավիացիայի այն բլոկից է, որ զարգանալու է, բայց ժամկետների մասին խոսելը վաղ է»,-ասել է Քաղավիացիայի վարչության պետը:
Ըստ նրա՝ կան նախնական ուսումնասիրություններ տոմսերի գների մասով ևս, իհարկե նախնական: Սերգեյ Ավետիսյանի կարծիքով՝ առհասարակ փոքր օդանավի տոմսը երբեք էժան չի լինում:
«Եթե այդ պրոյեկտը գործարկվի փոքր ավիացիայի մասով, ապա կարծում եմ, որ սկզբում դա լինելու է որպես աերոտաքսի, ըստ պատվերի, ըստ պահանջարկի»,- ներկայացրել է Քաղավիացիայի վարչության պետը:










