Նոր «Տրանսֆորմերներ»-ը ցածր ցուցանիշ է գրանցել ամերիկյան կինովարձույթում
Հոլիվուդյան «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» ֆիլմն ամերիկյան կինովարձույթում հայտնվելու առաջին հանգստյան օրերին ցածր ցուցանիշ է գրանցել:
Ինչպես հայտնում է Variety-ն, նոր ֆիլմը, «Տրանսֆորմերներ»-ի նախորդ մասերի համեմատ, ամենաքիչ գումարն է հավաքել ամերիկյան կինոթատրոններում հայտնվելու առաջին հանգստյան օրերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինոնկարը ներքին շուկայում հավաքել է 69.1 մլն դոլար:
«Իհարկե, մենք կցանկանայինք ներքին շուկայում ավելի մեծ թվեր տեսնել, բայց մերը գլոբալ բիզնես է: Նշանակություն ունեն համաշխարհային կինովարձույթի ցուցանիշները: Այս ֆիլմը նախատեսված է միջազգային հեռուստալսարանի համար»,- մեկնաբանել է Paramount կինոստուդիայի ներկայացուցիչ Մեգան Կոլիգանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհում անցած հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 196.2 մլն դոլար, որից 123 մլն-ը՝ Չինաստանում:
Նշվում է, որ Մայքլ Բեյի ֆիլմի բյուջեն 217 մլն դոլար է:
«Տրանսֆորմերների» առաջին մասը նկարահանվել է 2007 թվականին և ամերիկյան կինովարձույթում հայտնվելու առաջին հանգստյան օրերին հավաքել 70.5 մլն դոլար։










