Սփյուռքի վերադարձը. սիրիահայերը փախչում են իրենց նախնիների հայրենիք. The Economist-ի անդրադարձը
Երբ 2011 թվականին Սիրիայում պատերազմ սկսվեց, երկրի հայկական համայնքի մի քանի հարուստ ընտանիքներ ուղևորվեցին Երևան, որտեղ շքեղ բնակարաններ վարձեցին քաղաքի Հյուսիսային պողոտայում: Ինչպես հետո ոմանք կասեին՝ նրանք ասես հանգստյան մեկնած լինեին այդ ժամանակ, գրում է The Economist շաբաթաթերթի կայքը Հայաստան ներգաղթած սիրիահայերի մասին իր անդրադարձում: Իշխանությունները նրանց տեղեր հատկացրին տեղական դպրոցում, որտեղ որպես փախստական փախած սիրիացի ուսուցիչները շարունակեցին դասավանդել երեխաներին սիրիական ծրագրով: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչ նրանք կհասկանային, որ հնարավոր է՝ իրենք այլևս երբեք տուն չգնան:
Սիրիայի վեցամյա պատերազմի պատճառով ավելի քան 5 միլիոն սիրիացի ապաստան է գտել այլ երկրներում: 2015-2016 թվականներին հարյուր հազարավոր սիրիացիներ, անցնելով Բալկաններով, փորձել են ապաստան գտնել Եվրոպայում: Սիրիայի հայկական համայնքից քչերը, սակայն, ընտրեցին այդ ճանապարհը, փոխարենը՝ շատերը եկան Հայաստան: Հայաստանը, որի բնակչությունը նվազել է արտագաղթի հետևանքով, ուրախությամբ ընդունեց երկիր ժամանող սիրիահայերին: Նրանց մեծ մասը կրթված էր, պատկանում էր միջին դասի և ձեռնարկատեր էր, գրում է աղբյուրը։
«Պատերազմից առաջ Սիրիայում ապրում էր մոտ 90.000 հայ, նրանց երկու երրորդը՝ Հալեպում: Նրանցից շատերն իրենց հայրենիքից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում համակարգային կոտորածներից և էթնիկ զտումներից փախած հայերի ժառանգներն էին: Նրանց մեծ մասի համար քաղաքացիական պատերազմը վերջ դրեց մեկդարյա պատմությանը»,- գրում է կայքը:
61-ամյա գործարար Հրայր Ագուլյանը պատերազմից առաջ ամբողջ կյանքում հավաքած խնայողությունները ներդրել էր Հալեպում գտնվող կահույքի գործարանում, որը շուտով ավերվեց: Այժմ նա Երևանում է: «Դա տևեց հարյուր տարի: Դա ավարտվեց: Միջին Արևելքում ապագա չկա քրիստոնյաների համար»,- The Economist-ը մեջբերում է Ագուլյանի խոսքերը:
Սիրիայում, տեղեկությունների համաձայն, մնում է ոչ ավելի, քան 30.000 սիրիահայ: Շատերը մեկնեցին Լիբանան, Կանադա, Թուրքիա, Պարսից ծոցի երկրներ և այլ վայրեր: Մնացածը՝ մինչև 30.000 սիրիահայ, գնաց երկիր, որը նրանք համարում են իրենց հայրենիքը: Որոշները դրանից հետո տեղափոխվեցին այլ երկրներ:
Առաջինը եկան հարուստները, որոնց համար հեշտ էր տեղափոխվելը: Մյուսները փորձեցին սպասել Սիրիայում պատերազմի ավարտին և փախան միայն, երբ սպառեցին ապրելու վերջին հնարավորությունները: Նրանք հասան Հայաստան՝ առանց ոչնչի:
Ինչպես The Economist-ին պատմել է Հալեպում ծնված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երկիր ժամանած փախստականներից շատերը փոքր բիզնես են սկսել երկրում: Սիրիայում հայկական համայնքի անդամները մեծ մասամբ հմուտ մասնագետներ կամ արհեստավորներ էին, նրանք հայտնի էին որպես ոսկերիչներ, բժիշկներ, ինժեներներ և արդյունաբերողներ: Հայաստանի հայերը հիացած են սիրիահայերի բացած ռեստորաններով. սիրիահայերը «համեմունքաշատ» խոհանոցը բերեցին երկիր, որտեղ ուտեստները, ինչպես նաև մնացած գրեթե ամեն ինչ երկար ժամանակ եղել է Ռուսաստանի մեղմ համերի ազդեցության տակ:
Գրեթե բոլոր փախստականները հաստատվել են Երևանում՝ բացի գյուղատնտեսական տարածքներից մոտ 30 ընտանիքից, որոնք հաստատվեցին Լեռնային Ղարաբաղում: Որոշ երիտասարդներ, ովքեր կռվել են սիրիական բանակում, կամավոր գրանցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագծում ծառայելու համար, բայց ավելի շատ երիտասարդ սիրիահայեր հետաձգել են Հայաստանի քաղաքացիություն ստանալը, որպեսզի ստիպված չլինեն զինվորական ծառայություն անցնել:
The Economist-ը գրում է, որ որոշ սիրիացիներ հետ են վերադարձել, հատկապես նրանք, ովքեր այնտեղ սեփականություններ ունեն: Որոշ սիրիահայեր պնդում են, որ պարտականություն ունեն վերադառնալու՝ վստահ լինելով, որ իրենց սփյուռքը հայկական քաղաքակրթության կարևոր ճյուղ է և պետք է պահպանվի:
Այնուամենայնիվ, ինչպես կայքին ասել է Վարդան Օսկանյանը, նրանք, ովքեր վերադարձել են Սիրիա, ապագա գրեթե չեն տեսնում այնտեղի համայնքի համար: Սիրիայում հայերը հավատարմորեն պաշտպանել են Բաշար ալ Ասադի վարչակազմը, որը պաշտպանել է նրանց մահմեդական ծայրահեղականների կողմից հետապնդումներից: Բայց այդ իշխանությունն այժմ վերահսկում է միայն Սիրիայի տարածքի մի մասը, իսկ Ասադի ճակատագիրը խաղաղության հնարավոր համաձայնագրում անորոշ է: Միևնույն ժամանակ, կայքը գրում է, որ սիրիացիների հոսքին անպատրաստ Հայաստանի սփյուռքի նախարարության պաշտոնյաները ռիսկի չեն դիմում: Նրանք գործողությունների ծրագրեր են մշակում արտակարգ իրավիճակների համար, եթե հանկարծ Լիբանանում նոր հակամարտություն բռնկվի, որը հազարավոր լիբանանահայերի կստիպի հեռանալ երկրից:










