«Արվեստում լավ ու վատի սահմանը դժվար է տարանջատել». Միքայել Ստամբոլցյանը՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմերի որակի մասին

14:19 • 27.06.17

1100 հայտերից ընտրված 47 ֆիլմ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում կպայքարեն 3 մրցութային ծրագրերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: 

Նրանք նշեցին, որ 47 ֆիլմից 12-ը կլինեն նոմինացված «Միջազգային խաղարկային» մրցույթում, 16-ը՝ «Միջազգային վավերագրական» մրցույթում և 19-ը՝ «Հայկական համայնապատկեր» մրցույթում:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը հիմնականում խոսեց մրցույթում ներկայացված վավերագրական ֆիլմերի մասին: Նա նկատեց, որ վավերագրական ֆիլմերի համար հայտերն աննախադեպ շատ են եղել:

«Պետք է ասեմ, որ քանակն այս դեպքում չի նշանակում որակ: Ֆիլմերը որակական իմաստով բավականին տարբերվում են իրարից, և մեծամասնությունն այդքան էլ փառատոնային ֆիլմեր չէր: Ինքնաքննադատության, ինքնագնահատման երևույթը մեր կինոմատոգրաֆիստների մոտ մի քիչ ցածր է, ընդհանրապես մեծ արվեստագետներն են ունենում ինքնաքննադատության լուրջ մոտեցում: Սա իմ անձնական կարծիքն է, բայց կարծում եմ, որ ինչ-որ թեմատիկ ու ժամանակային սահմանափակումներ պետք է լինեն: Կառաջարկեի ավելի ռադիկալ միջոց, այսինքն՝ սիմվոլիկ վճար ֆիլմը փառատոն ուղարկելու դեպքում, ինչը շատ փառատոններում ընդունված է: Այս դեպքում ամեն մեկն ինչ նկարում է, չի ուղարկի փառատոն»,- ասաց Խանջյանը:

Վերջինս հավելեց, որ վավերագրական ֆիլմերում Հայաստանից 2 ֆիլմ է ներկայացված: Խանջյանի դիտարկմամբ՝ ֆիլմերը հիմնականում մարդկային ճակատագրերի մասին են, տարբեր իրավիճակներում մարդն մնալու պայքարն է:

«Ֆիլմեր կան, որոնք մինչ այս մասնակցել են ու բավականին մրցանակներ շահել, ֆիլմեր էլ կան, որոնց պրեմիերան լինելու է հենց մեր փառատոնի շրջանակում: Բավականին լավ ներկայացված է նաև Վրաստանը, առաջատարներից է նաև Լեհաստանը, որի ֆիլմերը որակապես ու թեմատիկ առումով բավականին հետաքրքիր են»,- շարունակեց Արա Խանջյանը:

Ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ արձանագրեց, որ «Հայկական համայնապատկեր» մրցույթում բավականին հետաքրքիր հայտեր կային: Նա կարևորեց այն, որ ստեղծվել է մի ծրագիր, որտեղ հիմնականում պրեմիերաներ են:

«Ի սկզբանե, «Հայկական համայնապատկեր»-ի նպատակն է եղել, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող, ստեղծագործող հայերին մի մրցույթի մեջ ընդգրկենք ու համագործակցության առիթներ ստեղծենք: Այս պահին էլ այս սկզբունքը կա, իսկ այս տարի մեզ համար բացահայտել ենք Քրիս Ավետիսյանին. նա շատ հայտնի կինոռեժիսոր է, որն ապրում է ԱՄՆ-ում: Ծրագրում ընդգրկված ֆիլմերի 80 տոկոսը պրեմիերա է»,-ընդգծեց Մովսիսյանը:

Tert.am-ի հարցին՝ տարեց տարի ֆիլմերը որակական ու թեմատիկ առումով լա՞վն են դառնում, թե հակառակը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը դժվարացավ պատասխանել՝ նկատելով, թե արվեստում լավ ու վատի հարցը բավականին բարդ է:

«Տարի կա՝ հաջողվում է լավ ծրագրեր հավաքել, տարի էլ լինում, որ մեծ դժվարությամբ ես հավաքում, բայց ամեն անգամ հավաքելիս, թվում է՝ ամենալավ ծրագիրն ես հավաքել»,- շարունակեց Ստամբոլցյանը:

Tert.am-ի դիտարկմանը, որ վավերագրական ֆիլմերը սովորաբար արտացոլում են կյանքը, ներկայացված ֆիլմերում հայաստանյան իրականությունն արտացոլվա՞ծ է, Արա Խանջյանը պատասխանեց. «Կան նման ֆիլմեր: Օրինակ՝ Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» ֆիլմն անդրադարձել է մեզ համար բավականին ցավոտ թեմայի՝ արտագաղթին: «Արա Դատավարություն» ֆիլմն էլ ինչ-որ չափով անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, միջազգային գնահատականներին: Բուն ՀՀ-ում կատարվող իրականության մասին ֆիլմեր ես չեմ տեսել»:

ՀեղինակԱնի Օհանյան
«Արվեստում լավ ու վատի սահմանը դժվար է տարանջատել». Միքայել Ստամբոլցյանը՝ «Ոսկե ծիրանի» ֆիլմերի որակի մասին