Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքը վերահրատարակվել է թուրքերենով

13:16 • 27.06.17

Ստամբուլում լույս է տեսել պոլսահայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի հայտնի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքի թուրքերեն թարգմանության վերահրատարակությունը, այս մասին տեղեկանում ենք kitapyurdu.com կայքից։

Ինչպես հայտնի է՝ Պարոնյանը գրքում խոսում է 19-րդ դարի վերջին պոլսահայ հասարակության առօրյայի ու ներքին համայնքային կյանքի մասին, ինչպես նաև նկարագրում Ստամբուլի՝ այն ժամանակ դեռ հայաշատ 34 խոշոր թաղամաս։

Տարիներ առաջ թուրքերենով լույս ընծայված գիրքը մեծ հաջողություն է ունեցել թուրքալեզու ընթերցողի շրջանում, և որոշակի դադարից հետո «Ջան» հրատարակչությունը նախաձեռնել է գրքի թուրքերեն տարբերակի ևս մեկ՝ արդեն 6-րդ հրատարակությունը։

Նշենք, որ Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857թ., ընդունվել է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարան։

1863թ. Պարոնյանը մեկնել է Պոլիս։

1888թ. թուրքական կառավարության կողմից հայ պարբերականների փակվելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։

Պարոնյանը վախճանվել է 1891թ. մայիսի 27-ին Կ․ Պոլսում։

Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքը վերահրատարակվել է թուրքերենով