Լոս Անջելեսում կկառուցվի «Աստղային պատերազմների» ռեժիսորի նախագիծը՝ պատմողական արվեստի թանգարան

12:44 • 28.06.17

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի ռեժիսոր Ջորջ Լուկասի նախագիծը՝ պատմողական արվեստի թանգարանի շինարարությունը:

Artnet News-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսային համալիրում տեղ կգտնի կտավների, նկարազարդումների և ֆիլմերի նկարահանումների առարկաների հավաքածուն: Դրանից բացի, այնտեղ մտադիր են տեղադրել ռեժիսորի անհատական կինոարխիվը:

Ջորջ Լուկասի խոսքով՝ պատմողական արվեստի խնդիրն առասպելներ ստեղծելն է: Նա հուսով է, որ թանգարանը կոգեշնչի նոր սերունդներին և ուշադրություն կհրավիրի պատմողական արվեստի «մոռացված» գաղափարին:

Աղբյուրը մանրամասնում է, որ 5-հարկանի թանգարանի մակերեսը կլինի 28 հազար քմ: Շինության մոտակայքում մեծ պուրակ և հանրային այգի կլինի: Թանգարանում տեղ կգտնեն թատերական և ուսուցողական տարածքներ, գրադարան, սրճարան, ռեստորան և հուշանվերների խանութ: Նախագիծը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:

Հայտնի է, որ Ջորջ Լուկասն ութ տարի տեղ է փնտրել իր թանգարանի համար՝ դիտարկելով Սան Ֆրանցիսկոն և Չիկագոն:

 

 

Լոս Անջելեսում կկառուցվի «Աստղային պատերազմների» ռեժիսորի նախագիծը՝ պատմողական արվեստի թանգարան