Կալիֆորնիայի նահանգապետը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար 3 մլն դոլար փոխանցելու որոշումը
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է 2017-2018թթ. նահանգային բյուջեի մասին փաստաթուղթը, համաձայն որի իշխանությունները 3 մլն դոլար են հատկացնելու Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանին:
Ինչպես նշում է Asbarez-ը, գումարը կհատկացվի գալիք 3 տարվա ընթացքում (ամեն տարի 1-ական միլիոն դոլար-Tert.am):
«Հպարտ ենք ուս ուսի կանգնել Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների կողքին պատմամշակութային ու կրթական կենտրոն կառուցելու հարցում»,-ասել է թանգարանի ղեկավար խորհրդի համանախագահ արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգային սենատի բյուջեի հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նախագծին հավելյալ 3 մլն դոլար տրամադրելու առաջարկին:
Առաջարկը ներկայացվել է բարձրաստիճան սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի, Քևին դե Լեոնի և բյուջեի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ռիչարդ Ռոթի նախաձեռնությամբ:
Նախորդ տարի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի 2016-2017թթ. բյուջեից 1 մլն դոլար էր հատկացրել Գլենդեյլ քաղաքում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նախագծին:
Նշենք, որ կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի շենքը կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: 1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:










