Բնապատկերների հետ ձուլված կենդանիների դիմանկարներ՝ բրիտանացի նկարչուհու աշխատանքներում (լուսանկարներ)
Բրիտանացի նկարչուհի Ֆեյ Հալիդեյը կենդանիների անկրկնելի դիմանկարներ է հեղինակում՝ ընդգծելով նրանց գեղեցկությունը և բացառիկությունը: Աղջկա վերջին նախագիծը հայտնվել է համացանցի օգտատերերի և արվեստասեր հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը զարմանալի չէ. նա նկարում է կենդանիներին, այնուհետև մանր դետալներ կտրատում թղթի վրա և լուսանկարում դիմանկարը տարբեր բնապատկերների ֆոնին: Այս նպատակով նա ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ որպես ֆոն օգտագործելով ծովափերը, անտառները, երկինքը և այլն:
Bored Panda-ն գրում է, որ նախագծի գաղափարը Հալիդեյի մոտ ծագել է հնդկական Ջայպուր քաղաքի Փղերի փառատոնին մասնակցելուց հետո, որտեղ հսկայական փղերը ներկվում են գեղեցկագույն նախշերով: Ահա թե ինչու վարպետի նախագիծը ստացել է Haathi անվանումը, ինչը հինդի լեզվով նշանակում է «փիղ»:
Նկարչուհու խոսքով՝ հենց այս փառատոնում օգտագործված նախշերն ինքը օգտագործել է որպես իր նկարների մեծ մասի հիմք՝ կենդանիներին դարձնելով հեքիաթային աշխարհների հերոսներ:
Նշվում է, որ նախագծի շրջանակում Հալիդեյը եղել է մի շարք արևադարձային երկրներում: Նկարչուհու Instagram-ի էջում վերջին հրապարակումների համաձայն՝ այժմ նա գտնվում է Սեյշելյան կղզիներում, և նրա էջի ավելի քան 328 հազար հետևորդ անհամբեր սպասում է նրա նոր աշխատանքներին:




















