Պերճ Թյուրաբյանի և Նաիրի Գասպարյանի կատարմամբ հնչեցին Ազնավուրի երգերը` հայերեն թարգմանությամբ (տեսանյութ)
Երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանը և երգչուհի Նաիրի Գասպարյանը այսօր Երևանում հանդես եկան համերգային ծրագրով, որտեղ ներառված էին հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի հայերեն տարբերակները:
Երևանյան համերգը կրում է «Քեզ համար Ազնավուր» վերնագիրը: Ազնավուրի երգացանկից հնչելու է 17 երգ, որից 13-ը հայերեն, 4-ը՝ ֆրանսերեն լեզվով:
Թյուրաբյանը 2008 թ. թողարկել է «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը, որտեղ տեղ են գտել Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակները: Բացի այս, Թյուրաբյանը թարգմանել ու կատարել է հայտնի ֆրանսիացի շանսոնյեների՝ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի ու Շառլ Ազնավուրի երգերը։
«Ես անում եմ իմ լավագույնը, որպեսզի հնչի, երգվի Ազնավուրի երգերը հայերենով: Մինչ այդ Ազնավուրին թարգմանել էին հայերեն, բայց երգային չէին, պարզապես թարգմանություն էր: Իմ խնդիրը թարգմանելն էր այնպես, որ երգվի»,- ասաց երգիչը:
Նա նշեց, որ իր մոտ երգերը հայերեն թարգմանելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Ֆրանսիայում 2007 թ. նշվում էր Հայաստանի տարին:
Թյուրաբյանը հեղինակային համերգներ է ունեցել նաև Երևանում, Միացյալ Նահանգների, Կանադայի մի շարք քաղաքներում և Փարիզում: Նրա խոսքով՝ Ազնավուրի թարգմանված երգերը շատ լավ է ընդունվում հանդիսատեսի կողմից. «Հայերը շատ երջանիկ են, որովհետև ի վերջո առիթ ընծայվեց՝ հասկանալու, թե ինչի մասին է երգում Ազնավուրը»,- նշեց նա:
Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում 1950 թվականին։ Սովորել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա ֆրանսիական քոլեջում։ 1965 թվականին ներգաղթել է Հայաստան: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժնում։ ԵՊՀ-ում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ 1960-ական թվականներին Թյուրաբյանը Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի ներկայացուցիչներից էր։ 1987 թվականին աշխատել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրադարանում, որտեղ շարունակել է ուսումը և ստացել է գրադարանագիտության մագիստրոսի կոչում։ Այնուհետև աշխատանքի է անցել Նյու Յորքի Հանրային գրադարանում։
Մանրամասները՝ տեսանյութում:










