«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի պատվին ինքնաթիռ է անվանակոչել

16:34 • 30.06.17

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի պատվին:

Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777 ինքնաթիռը համալրել է ընկերության ավիապարկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նման խնդրանքով ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին էր դիմել Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը:

«Կոմպոզիտորի պատվին ինքնաթիռներից մեկն անվանակոչելու վերաբերյալ որոշումը Տրանսպորտի նախարարության կողմից կայացվել է համապատասխան խնդրանքը ստանալուց անմիջապես հետո: Մենք շատ ուրախ ենք այս կապակցությամբ»,-rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը:

Նա նաև հավելել է, որ հոր անունը կրող օդանավն իրականացնելու է միջմայրցամաքային չվերթներ:

«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի պատվին ինքնաթիռ է անվանակոչել