Սևանա լճի ջրի պաշարների թվերն ուռճացված են ներկայացվում, դա մանիպուլյացիա է. Սեյրան Մինասյան (տեսանյութ)
Փորձագետ Սեյրան Մինասյանը վերջին օրերի Սևանի լճի մակարդակի իջեցումը պայմանավորում է ջրառի հետ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ ոռոգման սեզոն է և ջուրը բաց է թողնվում` օրենքով սահմանված կարգով։
Ինչ վերաբերում է հուլիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում նախատեսված Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մետր խորանարդ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու կառավարության առաջարկի քննարկմանը, Սեյրան Մինասյանն ասաց, որ դրական ակնկալիք չունի, քանի որ ԱԺ-ն հաստատելու են այն ինչ կառավարությունը ներկայացնելու է:
«Խնդիրն այն է, որ կառավարության ներկայացրած նախագիծն է շատ վատը: Սևանի ջրի պաշարների թվերն ուռճացված են ներկայացվում, ավելի մեծ ծավալի ջուր են ներկայացնում և ավելի շատ ջրառի հնարավորություն, քան ունի Սևանը: Լիճն այսօր անհավասարակշիռ վիճակում է և ջրառն ի չիք կդարձնի լճի էկոհամակարգի առողջացման դրական միտումները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության հետ քննարկումներին, նա ասաց.«Այդ երբ են մեր ձայնը լսել մեր իշխանությունները, որ հիմա լսեն»: Նա անդրադարձավ ջրի կորուստներին և նշեց, որ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ջրի կորուստները նվազեն: «Այդպես պետք է խնդիրը լուծեն, ոչ թե Սևանա լճի մակարդակը իջեցնելով: Հիմա ասում են, թե դրական հաշվեկշիռը կպահեն, սակայն չեն պահելու և տարվա վերջին ունենալու ենք բացասական հաշվեկշիռ»,-ասաց նա:
Փորձագետը նաև կասկածի տակ առավ, որ կառավարությունը 2030 թվականին նախատեսված ջրի մակարդակի բարձրացումն ապահովելու է: «Հարցը նրանում է, որ Սևանա լիճն ունի բնականից 2,5 մետրանոց տատանման ցիկլ` մոտավորապես 65 տարվա տևողությամբ: Այդ ցիկլը սկսվել է մոտ 2002 թվականին, հիմա ակտիվ ջրատվության շրջան է, որը շարունակվելու է մինչև 2032 թվականը, որից հետո Սևանա լճի մակարդակը բնականից կսկսի նվազել, եթե նույնիսկ որևէ արտաքին միջամտություն չլինի: Տատանման բարձրությունը` 2-3 մետր կարող է հասնել»,-ասաց նա և նշեց, որ կառավարությունը փորձում է այս ակտիվ բարձրացման փուլից օգտվել, սակայն մոռանում է, որ կգա հաջորդ փուլը և դա թողնում է հաջորդ սերունդների վրա:
«Ես չեմ հավատում կառավարությանը և չեմ հավատում բերված թվերին, քանի որ դա պարզապես մանիպուլյացիա է, Սևանի մակարդակն այսօր որքան ներկայացվում է, այդքան չկա»,- ասաց նա:
Սեյրան Մինասյանը պարզաբանեց, որ 2011 թվականին գեոդեզիական նիշի ճշգրտում են արել և 20 սմ-ով բարձրացրել են մակարդակը, սակայն նույն որոշումով այդքանով բարձրացել է նաև հատակը և հիմա դա ներկայացվում է ջրի մակարդակի բարձրացում: «Եթե կառավարության նպատակները ազնիվ լիներ, ապա նա ժողովրդին դա չէր խաբի»,-ասաց նա:
Փորձագետը նշեց, որ գործնականում վերջին հինգ տարում ջրի մակադրակը բարձրացել է 32 սմ-ով և բոլորովին էլ առաջանցիկ տեմպերով բարձրացում չի լինում:
Սեյրան Մինասյանն ասաց, որ այս դեպքում կլռեցվի նաև Բնապահպանության նախարարության ձայնը, որը տվել է բացասական եզրակացություն: «Ով է լսելու բնապահպանության նախարարությանը, բայց կարծում եմ, որ սա նախարարության համար շատ լավ դաս է, քանի որ մինչև հիմա ինքը չէր լսում հասարակությանը, հիմա իրան էլ չեն լսում»,-ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ անցած տարի 173 հազար դոլար արժողությամբ սարքավորում են ստացել և իրականացրել են Սևանի ամբողջական հետազոտություն և արձանագրել են, որ լիճը մաքուր է:










