Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևին
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս հայտնի ռուսական «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևին: Երաժշտի հարազատները և երկրպագուները մասնակցում են «Տրոյեկուրովսկոյե» գերեզմանոցում անցկացվող հրաժեշտի արարողությանը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ «Տրոյեկուրովսկոյե» գերեզմանոցում արտիստին հրաժեշտ տալու նպատակով եկած մարդկանց հերթ է գոյացել: Առաջիններից մեկը սգո արարողությանը ներկայացել է երգչուհի Կատյա Լելը:
«Մենք շատ ջերմ հարաբերություններ ունեինք: Նա աներևակայելի տաղանդավոր մարդ էր՝ ձայնի ցնցող տեմբրով: 47 տարեկանում նա 30 տարեկանի տեսք ուներ, քանի որ հիանալի մարզավիճակում էր: Իհարկե, հասկանում եմ, որ արտիստի կյանքը բարդ բան է, մանավանդ՝ «Иванушки International» խմբի մասնակից լինելը, լավագույնը լինելը, հագեցած ստեղծագործական կյանք ունենալը: Ճիշտ են ասում, որ արտիստները, ամբողջությամբ տրվելով ու նվիրվելով, վառվում ու քայքայվում են: Օլեժկան իսկական երգիչ և ստեղծարար մարդ էր, որն ապրեց հանուն դրա», - ասել է Լելը լրագրողներին:
Նշվում է, որ Օլեգ Յակովլևին հրաժեշտ տալու նպատակով գերեզմանոց է ժամանել «Иванушки International» խմբի անդամ Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը:
Հիշեցնենք, որ ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը մահացել է հունիսի 29-ի վաղ առավոտյան։










