Իտալիայում կյանքից հեռացել է հանրահայտ Ֆանտոցիի դերակատար Պաոլո Վիլաջոն
Հռոմում 84 տարեկանում կյանքից հեռացել է երգիծական ժանրի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Պաոլո Վիլաջոն, որը հեռուստադիտողին առավելապես հայտնի է իտալացի տղամարդու հավաքական կերպարը ներկայացնող արկածասեր հաշվապահ Ուգո Ֆանտոցիի դերով:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, դերասանը մի քանի օր առաջ հոսպիտալացվել էր Հռոմի մասնավոր կլինիկաներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վիլաջոն աշխատել է թատրոնում ու համագործակցել այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին ու Մարիո Մոնիչելին:
1992թ. նա արժանացել է վենետիկյան կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:













