Լոնդոնում մեկնարկել են «Գերբնական գազանները 2» ֆիլմի նկարահանումները
Warner Bros ընկերության լոնդոնյան կինոստուդիայում հուլիսի 3-ին սկսվել են «Գերբնական գազանները, և որտեղ են նրանք բնակվում 2» ֆիլմի նկարահանումները:
Ինչպես հայտնում է Euromag-ը, նկարահանումներն անցկացվում են այն տաղավարներում, որոնք նախկինում ստեղծվել էին Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերի համար:
Նոր ֆիլմը հանդիսանում է բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգի հորինած կախարդական աշխարհի մասին պատմող ժապավենի շարունակությունը:
Ժապավենը վարձույթում է հայտնվելու 2018-ի նոյեմբերի 16-ին: Ֆիլմի երկրորդ մասում, որի սցենարը ևս հեղինակել է Ռոուլինգը, գլխավոր դերկատարներ Էդդի Ռեդմեյնին, ով մարմնավորում է հրաշագործ-բուսաբանին, և Ջոնի Դեփին, որն էլ մարմնավորում է մութ կախարդին, միացել է Ջուդ Լոուն: Վերջինս կկատարի երիտասարդ Ալբուս Դամբլդորի դերը:
«Գերբնական գազանները» հանդիսանում է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի նախապատմությունը:










