Էլթոն Ջոնը չեղարկել է համերգը Գերմանիայում՝ G20-ի գագաթնաժողովի պատճառով
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը G20 գագաթնաժողովի պատճառով չեղարկել է իր համերգը Գերմանիայում: Այս մասին հայտնում է Focus-ը՝ հղում անելով համերգի կազմակերպիչներին:
Հայտնի է, որ ելույթը պետք է կայանար հուլիսի 8-ին Համբուրգում, սակայն երաժշտին չեն տվել շրջայցային ինքնաթիռի վայրէջքի թույլտվություն:
Համերգի կազմակերպիչների խոսքով՝ սա բացատրվում է G20-ի գագաթնաժողովի հետ կապված սահմանափակումներով:
Էլթոն Ջոնի մենեջերները հույս են ունեցել, որ համերգն անցկացնելու հնարավորություն կլինի, սակայն չափազանց մեծ անորոշության պատճառով պետք էր որոշում ընդունել:
Ենթադրվում է, որ ելույթը կկայանա 2017 թվականի դեկտեմբերի հինգին:
Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովն այս տարի կանցկացվի հուլիսի 7-8-ը՝ գերմանական Համբուրգ քաղաքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, գերմանական ոստիկանությունը ջրցաններ է կիրառել Համբուրգում անցկացվելիք G20 գագաթնաժողովի հակառակորդների գիշերային ցույցերը ցրելու համար:










