Կարեն Շահնազարովի հոբելյանի առթիվ Մոսկվայում անվճար կցուցադրվեն նրա ֆիլմերը
Ռուսաստանաբնակ հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի ծննդյան 65-ամյակի առթիվ հուլիս ամսվա ընթացքում Մոսկվայի բնակիչները կկարողանան անվճար դիտել նրա ֆիլմերը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Շահնազարովի ֆիլմերի հետադարձ ցուցադրությունը կազմակերպվելու է «Մոսկինո» կինոթատրոնների ցանցում: Ընդհանուր առմամբ, կկազմակերպվի 27 ցուցադրություն, որոնց ընթացքում կցուցադրվի 14 ֆիլմ՝ այդ թվում նաև ռեժիսորի առաջին կինոնկարը («Բարիները», 1979թ.):
Նշենք, որ բեմադրող-ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ինչպես նաև «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավար Կարեն Շահնազարովը ծնվել է 1952թ. հուլիսի 8-ին: Նրան լայն ճանաչում է բերել «Մենք ջազից ենք» երաժշտական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1983թ.: Նրա նկարահանած ֆիլմերն արժանացել են ավելի քան 50 միջազգային ու ազգային մրցանակի, 2 անգամ մասնակցել են Կաննի կինոփառատոնին և 2 անգամ ներկայացվել հեղինակավոր «Օսկար» մրցանակի:










