Ադրբեջանցիները Ներքին Ճարտարի դպրոցում փորձել են հնարավորինս ավելի շատ երեխաների կյանք խլել. կայացավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ)

17:38 • 06.07.17

Այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի ունեցավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը, որում ներկայացված էին ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի, դպրոցների միտումնավոր թիրախավորումների փաստերը:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ հեղինակներն են Լարիսա Ալավերդյանը և Մարինե Գրիգորյանը:

Ֆիլմում ներկայացված է 2016 ապրիլի 2-ին Ներքին Ճարտարի դպրոցի արկակոծման պատմությունը, որի հետևանքով 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը զոհվել էր, մի քանի երեխաներ տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել:

Արկակոծությունից տուժածների վկայություններով՝ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը դեպքից մի քանի օր առաջ անընդհատ հետախուզական թռիչքներ էին անում գյուղի դպրոցի մոտակայքում: Անհերքելի է, որ ադրբեջանցիները շատ լավ իմացել են դպրոցի օրակարգը և փորձել են հնարավորինս ավելի շատ երեխաների կյանք խլել:

«Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմը կարող է դիտվել 5 լեզվով՝հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Դիվանագիտական խողովակներով և համացանցի միջոցով այն հասանելի կլինի միջազգային հանրությանը: Հեղինակների խոսքով՝ ցանկալի կլիներ, որ սա հասանելի լիներ նաև Ադրբեջանի հանրությանը:

ՀՀ ԱԺ «Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը նշում է, որ հայկական կողմը ստիպված է անընդհատ արձանագրել և փաստաթղթավորել այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել վերջին 25 տարիների ընթացքում:

«Ցավոք, դրանց թիվը միայն աճում է: Ադրբեջանի վարքագիծը չի փոխվում Խոջալուից ի վեր: Այն ժամանակ բնակելի թաղամասերում տեղադրում էին հրետանիները և ռմբակոծում Ստեփանակերտը: Հասկանալի չէ՞ր, որ հայկական կողմը պետք է ճնշեր այդ կրակակետերը: Նույն էլ տեղի է ունեցել և ապրիլյան պատերազմի ժամանակ, և երկու օր առաջ՝ հուլիսի 4-ին»,- ասաց Սաղաթելյանը:

Ֆիլմի համահեղինակ, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով Հայաստանը իրավունք չունի լռելու: Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից պլանավորված և իրականացված հանցագործությունները առաջին հերթին ՀՀ-ի կողմից պետք է հասցվեն բոլոր համապատասխան ատյաններ:

«Այս առումով, պետք է ասեմ հետևյալը՝ ալիևյան ամբողջ կլանի հռետորությունը անգամ տեղ չի թողնում կասկածելու, որ Ադրբեջանի կողմից որդեգրված ցեղասպանական քաղաքականությունը իրականացվել և իրականացվում է հետևողական, պլանավորված: Նրանք միտում չունեն հրաժարվելու այդ քաղաքականությունից»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի որդեգրած հայերի ցեղասպանական քաղաքականությունը չի կարող դադարեցվել հորդորներով և հավասարակշռված հայտարարություններով:

Մարինե Գրիգորյանն էլ նշեց, որ ֆիլմն ամբողջությամբ կառուցված է ապրիլի 2-ի դեպքին  ականատես երեխաների և նրանց ծնողների վկայությունների վրա:

«Այս ֆիլմը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ձեռագիրը, քաղաքականությունը չեն փոխվում»,- ասաց Գրիգորյանը:

 

 

Ադրբեջանցիները Ներքին Ճարտարի դպրոցում փորձել են հնարավորինս ավելի շատ երեխաների կյանք խլել. կայացավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ)