Կինոմիության նոր ղեկավարները հրաժարվեցին «Ոսկե Ծիրանի» ԼԳԲՏ համայնքի մասին պատմող ֆիլմերը ցուցադրել. Հարություն Խաչատրյան
Կինոմիության նոր ղեկավարները՝ նայելով «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն ծրագիրը, որում ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմ կար, և տեսնելով հասարակական աղմուկը, նշեցին, որ իրենք չեն կարող այն ցուցադրել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ժամանակ ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Մեր գործընկերներից մեկը Կինոմիությունն է, որոնցից մենք դահլիճ չենք վարձում, այլ իրենք այդ ինֆորմացիոն ծրագիրը ցուցադրում են Կինոյի տանը: Մենք պայմանավորվել էինք Ռուբեն Գևորգյանցի հետ, ով վերջերս մահացավ: Ծրագիրը պետք է ցուցադրվեր և հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության կողմից: Նոր ղեկավարներն էլ հայտնեցին, որ իրենք այսպիսի սգի չեն կարող նման ծրագիր ցուցադրել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք չէին կարող Կինոմիությանը ստիպել, քանի որ դահլիճը չէին վարձում:
Նշենք, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ցանկից հանվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին պատմող երկու ֆիլմ: Մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13–ին:
Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այս անգամ ոչնչից մեծ աղմուկ բարձրացրին, ըստ նրա՝ անհասկանալի բողոք եղավ:
«14 տարի մենք աշխատել ենք և երբեք խնդիր չենք ունեցել ոչ ծրագրի հետ, ոչ էլ հասարակության հետ: Նույնիսկ այն ժամանակ, երբ թուրքական ֆիլմեր ցուցադրվում էին տարբեր տեղերում: Մենք երկիր ենք, որտեղ գրաքննություն չկա: Երբևէ չենք ունեցել ճնշման կամ միջամտության դեպք ո՛չ իշխանություններից, ո՛չ գործընկերներից, ոչ էլ հովանավորներից»,- նշեց նա:
Նա համոզված է, որ այս միջադեպը փառատոնի վրա ստվեր չի գցի, որովհետև դրանք ո՛չ միջազգային, ոչ էլ մրցութային ֆիլմերն էին: Խաչատրյանը հույս հայտնեց, որ ծրագիրը հաջորդ տարի կկարողանան ցուցադրել:










