«Ոսկե Ծիրանի» շրջանակում Երևանի մի շարք վայրերում կլինեն բացօթյա կինոցուցադրություններ

15:10 • 07.07.17

Երևանի քաղաքապետարանի և «Ոսկե Ծիրան» փառատոնի համագործակցության արդյունքում կան մի շարք նախաձեռնություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի մի շարք վայրերում բացօթյա միջոցառումներ են նախատեսված, որոնք այս փառատոնի բաղկացուցիչ մասն են հանդիսանալու: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 

Նրա խոսքով՝ այս ամիսներին բազմաթիվ փառատոններ են տեղի ունենում Երևան քաղաքում` երաժշտական, թատերական, և, իհարկե, նշանավոր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, որոնց քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերում: 

«Երևանի համաչափ զարգացման տրամաբանության մեջ այս տարի ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Այն սովորաբար տեղի էր ունենում Կարապի լճի տարածքում, բայց այս տարի բացօթյա կինո դիտելու հնարավորություն կլինի Կասկադում, Նոր Նորքում՝ Գայի արձանի հարևանությամբ, ՀԱԹ-ի «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում, Ազատության հրապարակում և ավանդական դարձած Կարապի լճում»,- նշեց նա: 

Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերով: Դա պայմանավորված է համր ֆիլմերի նկատմամբ հասարակության հետաքրքրությամբ, ինչպես նաև Ազատության հրապարակում տեղի ունենալիք միջոցառումներին չխանգարելու համար:  

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» 14-րդ կինոփառատոնը տեղի է ունենալու հուլիսի 9-ից 16-ը: 

Բացի բացօթյա ֆիլմերի ցուցադրությունից, փոխքաղաքապետի խոսքով՝ կլինեն նաև համերգային ծրագրեր Շառլ Ազնավուրի հրապարակում հուլիսի 9-ից 16-ը, ամեն երեկո՝ ժամը 21:00-23:00: Ելույթ կունենան տարաբնույթ ջազ խմբեր, կհնչեն ջազային մեկնաբանությամբ հայտնի կինոերաժշտություններ: 

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ այս տարվա ծրագիրը շատ ճոխ է, հրաշալի ֆիլմեր են ներկայացված: 

Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին՝ փառատոնին աջակցելու համար: 

«Նրանք ամեն տարի կանգնած են մեր կողքին և օգնում են մեզ: Գիտեք, դժվար է փառատոն անելը: Հույս ունեմ, որ մյուս տարի հոբելյանական 15-ամյակը բոլորս միասին կտոնենք, կշնորհավորենք իրար և կբերենք ավելի լավ ֆիլմեր, քան այս տարի և կվայելենք մեր «Ոսկե Ծիրանը»,- ասաց նա:

 

 

«Ոսկե Ծիրանի» շրջանակում Երևանի մի շարք վայրերում կլինեն բացօթյա կինոցուցադրություններ