Արվեստագետն ինստալյացիայի միջոցով բարձրացրել է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը (տեսանյութ)

16:31 • 07.07.17

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքում ինստալյացիա է հայտնվել, որի միջոցով արվեստագետ Ջոն Ջերարդը բարձրացրել է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը: Գաղափարի հեղինակը դրոշ է տեղադրել, որի ծածանվող մասը ներկայացվել է նավթային աշտարակից դուրս եկող ծխի տեսքով: Ինստալյացիան ուղղակիորեն ակնարկում է Spindletop նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է այդ տարածքում:

Նախագծի պաշտոնական կայքում ասվում է, որ Ջոն Ջերարդը համակարգչային տեխնոլոգիաների միջոցով վերարտադրել է գործարանի տարածքը և սև ծխով դրոշակաձող տեղադրել այնտեղ: Ինստալյացիան հիշեցնում է, որ նավթի պատճառով մթնոլորտ է արտանետվել ամբողջ 20-րդ դարի ընթացքում արտադրված ածխածնի երկօքսիդի զգալի մասը:

«Այս տրտում դրոշը մեր հարմարավետության տխուր հետևանքն է», - գրել է արվեստագետն իր աշխատանքի մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրականում գոյություն ունեցող տեղանքի թվային դիմանկարը ստեղծելու համար նկարիչն ու նրա թիմը ստիպված են եղել ամեն ինչ վերակառուցել 3D ձևաչափով: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում նրանք դրոնի միջոցով ուսումնասիրել են մոտ 10 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքը՝ ստանալով լանդշաֆտի մոտ 15 հազար լուսանկար:

Ստացված ինստալյացիան արտապատկերվել է Լոնդոնի կենտրոնում տեղադրված հսկայական պատի վրա: Արդյունքում շատ իրատեսական պատկեր է ստեղծվել, քանի որ այն հեռարձակվում է ուղիղ եթերով: Էկրանի վրա արևը ծագում և մայր է մտնում նույն ժամանակ, ինչ Տեխասում: Դրանից բացի, փոփոխվում են եղանակային պայմանները և տարվա եղանակները:

Նշվում է, որ «Արևմտյան դրոշ» (Western flag) ինստալյացիան արվել է Channel 4 հեռուստաալիքի պատվերով և նվիրված է Երկրի օրվան:

 

 

 

 

 

Արվեստագետն ինստալյացիայի միջոցով բարձրացրել է շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը (տեսանյութ)