Ափսոսում եմ, որ ոչ ոք նույն հնչերանգով չպահանջեց զինված խմբի արդարացի պատիժ՝ 3 անմեղ ոստիկաններին սպանելու համար. գլխավոր դատախազ (տեսանյութ)

12:03 • 10.07.17

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում Դատախազության հաշվետվության ամփոփիչ ելույթին թվարկեց մի շարք նախկին պաշտոնատար անձանց անունները, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված, և կալանքն էլ ընտրված է որպես խափանման միջոց:


Նկատենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան այս խնդրին՝ նկատելով, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախ է օգտագործվում, իսկ հիմնականում նպատակը հաշվեհարդարն է լինում կոնկրետ անձանց հանդեպ:


Ապա խոսելով մյուս դիտարկումների մասին, թե լրագրողների նկատմամբ բռնություն կիրառողները չեն ձերբակալվում ու պատժվում, Արթուր Դավթյանն արձանագրեց, որ 8 քաղաքացի դատապարտվել է լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, նաև 4 ոստիկան է դատապարտվել:  


«Մենք անզիջում ու վճռական պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ: Ես ընդունելի եմ համարում պատգամավորների բարձրագոչ պահանջը ներկայացնել ու խիստ պատժել հանցագործ պաշտոնյանին, լրագրողի գործը խոչընդոտողին, բայց ափսոսանք եմ հայտնում, որ ոչ ոք ինձանից նույն հնչերանգով չպահանջեց քննարկման առարկա հաշվետու ժամանակաշրջանում մեր երկրի համար բացառիկ հանցանք կատարած, մեր երկրի անդորրը շուրջ 15 օր խաթարած կազմակերպված զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել, ապահովել 3 անմեղ, հայրենիքի համար ծառայություն իրականացնող, ծառայության վայրում գտնվող ոստիկաններին սպանողներին: Դա ևս իմ պարտքն է»,-հայտարարեց Արթուր Դավթյանը։


ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Դատախազությունը հաստատակամ ու վճռական է հանցագործության հետ պայքարի գործում և ոչ ոքի թույլ չի տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը։