Թոմ Հենքսը մրցանակ կստանա ԱՄՆ-ի պատմությունը կինոյում և հեռուստատեսությունում արտացոլելու համար
«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասան Թոմ Հենքսը մրցանակ կստանա ԱՄՆ-ի պատմությունը կինոյում և հեռուստատեսությունում արտացոլելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակը դերասանին կշնորհի National Archives Foundation ոչ առևտրային կազմակերպությունը: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հոկտեմբերի 21-ին՝ Վաշինգտոնի Ազգային արխիվի թանգարանում:
Հայտնի է, որ Հենքսը նկարահանվել է իրական դեպքերի վրա հիմնված մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Փրկել շարքային Ռայանին», «Ապոլոն 13», «Լրտեսների կամուրջը», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Հրաշք Հուդզոնի վրա» և այլ ֆիլմերը:
Դրանից բացի, նա եղել է «Զինակից եղբայրներ» սերիալի գործադիր պրոդյուսերներից, սցենարիստներից և ռեժիսորներից մեկը:
National Archives Foundation-ի ներկայացուցչի խոսքով՝ Հենքսի հերոսները մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, Սառը պատերազմի ժամանակ բանակցություններ վարել ԱՄՆ-ի անունից, պատերազմել Վիետնամում, աշխատել Կոնգրեսում և զբաղվել տիեզերական ծրագրով:
Նշվում է, որ մրցանակի նախկին դափնեկիրներից են ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և դերասան ու «Համիլտոն» մյուզիքլի ստեղծող Լին Մանուել Միրանդան:










