Հայաստանում համերգ ունենալն ինձ համար տոն է. Երևանում է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը (տեսանյութ)

15:36 • 11.07.17

Վաղը կամփոփվի հուլիսի 4-ից 12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը, կհայտարարվեն մրցույթի մրցանակակիրները: Փառատոնը կամփոփվի նաև աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով:

Վենգերովը հայ հանդիսատեսին կներկայացնի Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը, Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտը», Ալեքսեյ Շորի՝ «Միայնակ նավարկում»՝ պիեսը ջութակի և նվագախմբի համար։

«Ես շատ ուրախ եմ լինել Երևանում, սա հրաշալի երկիր է: Միշտ ուրախալի է շփվել այստեղ գտնվող մարդկանց հետ, ստեղծագործ մարդկանց հետ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մաքսիմ Վենգերովը՝ նշելով, որ ուրախ է մեկ բեմում հանդես գալ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Նա ասաց, որ իրեն միշտ հաճելի է Բրամսի ստեղծագործությունները նվագել, որովհետև դա ջութակի արվեստի բարձունքներից մեկն է: «Ես ամեն անգամ նոր երանգներ եմ գտնում Բրամսի ջութակի կոնցերտում»,- խոստովանեց ջութակահարը:

Լրագրողները հիշեցրին, երբ Մաքսիմ Վենգերովը նախորդ անգամ Հայաստանում էր, խոստացել էր սովորել Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Վենգերովը խոստովանեց, որ դեռևս չի սովորել, բայց դեռևս երիտասարդ է, ու ամեն ինչ առջևում է:

«Խաչատրյանի ջութակի կոնցերտը աշխարհի լավագույն 10-ում է, այն իսկապես հրաշալի գործ է: Այո, շատ կարևոր է նոր բացահայտումներ անել, և ես կցանկանայի նոր պրեմիերաներ ունենալ»,- նշեց ջութակահարը:

Խոսելով «Արմենիա» մրցույթ-փառատոնի մասին՝ նա ասաց, որ ուրախ է մասնակցել ծրագրին և շեշտեց, որ ապագան երիտասարդներն են՝ հույս հայտնելով, որ մրցույթի հաղթողները կներկայացնեն երկիրը լավագույնս:

«Փառատոնը մի հարթակ է, որը երաժիշտներին հնարավորություն է տալիս ստեղծագործել, փոխանակել փորձը, ընդլայնել մտահորիզոնը, ծանոթանալ այլ երաժիշտների հետ: Ամեն փառատոն ունի իր ուղղվածությունը: Այս փառատոնն էլ յուրահատուկ է»,- նշեց Մաքսիմ Վենգերովը:

Ջութակահարի դիտարկմամբ՝ հայ հանդիսատեսը զգացմունքային է, և դա իրեն դուր է գալիս:

«Երբ ես Վահագն Պապյանի հետ համերգ էի տալիս Երևանում, դա նման էր ռոք համերգի, որովհետև այնքան շատ էին ծափահարում… Այստեղ շատ հարմարավետ եմ ինձ զգում: Ինձ հաճելի է, մեծ պատիվ է ինձ համար ելույթ ունենալ մի բեմում, որտեղ մեծ անուններ են ելույթ ունեցել, ու սա պատասխանատու է: Հայաստանում համերգ ունենալն ինձ համար տոն է: Ես էլ էմոցիոնալ մարդ եմ ու կարծում եմ, որ համահունչ ենք հայ հանդիսատեսի հետ»,- ասաց ջութակահարը:

Նշենք, որ մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

«Արմենիա»-ին մասնակցել են աշխարհի 14 երկրի 48 դաշնակահարներ (մինչև 34 տարեկան): Նրանցից 20-ն անցել է մրցույթի 2-րդ փուլը:

 

 

Հայաստանում համերգ ունենալն ինձ համար տոն է. Երևանում է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը (տեսանյութ)