Շայա ԼաԲաֆը ներողություն է խնդրել ոստիկաններից և խոստացել բուժվել ալկոհոլային կախվածությունից

13:03 • 13.07.17

Ամերիկացի դերասան Շայա ԼաԲաֆը ներողություն է խնդրել իրեն ձերբակալած ոստիկաններից և խոստացել բուժվել ալկոհոլային կախվածությունից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անցած շաբաթ ԼաԲաֆը ձերբակալվել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում՝ հասարակական վայրում հարբած վիճակում գտնվելու և հասարակական կարգը խախտելու համար: Ձերբակալության ժամանակ դերասանը վիրավորել է ոստիկանության աշխատակիցներին: Մի քանի ժամ անց նա ազատ է արձակվել:

Այնուհետև ԼաԲաֆը հայտնել է, որ ինքը շատ է ամաչում իր պահվածքի համար և ցանկանում է ներողություն խնդրել ոստիկանության ներկայացուցիչներից:

«Սա նոր ցածրագույն կետ է: Ցածրագույն կետ, որը, հուսով եմ, ավարտն է», - ասել է դերասանը:

ԼաԲաֆի խոսքով՝ ինքն ակտիվ միջոցներ է ձեռնարկում սթափությունն ապահովելու համար, և հուսով է, որ իրեն կներեն թույլ տված սխալների համար:

Հայտնի է, որ ավելի վաղ դերասանը նույնպես բուժվել է ալկոհոլային կախվածությունից։

Շայա ԼաԲաֆը ներողություն է խնդրել ոստիկաններից և խոստացել բուժվել ալկոհոլային կախվածությունից