Պատմական Կոմմագենե թագավորության տարածքում գտնվող բացառիկ արձանը ենթարկվել է հարձակման (լուսանկար)
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայտնի Առյուծի արձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Պատմական Կոմմագենե թագավորության տարածքում գտնվող բացառիկ արձանը գտնվում է Նեմրութ լեռան ստորոտին `Ադըյամանի Քյահթա շրջանի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա։
Քյահթայի մարզպետ Ալի Գազի Քայան հայտարարել է, որ տեղի ունեցածն անընդունելի է։ Նա հավաստիացրել է, որ տեղական իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան հանցագործներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար, գրում է arkeolojihaber.net-ը։
Նշենք, որ այս տարածքում Մ.թ.ա. 1 հազարամյակից մինչև 20-րդ դարի սկիզբ մեծամասնություն է կազմել հայ բնակչությունը։ Պատմական Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ Հայաստանի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների համար։
Նեմրութ լեռան վրա է գտնվում մ․թ․ա․ 69 - 34 թթ.-ին կառուցված դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։











