Լոս Անջելեսում ցուցասրահի այցելուն 200.000 դոլարի ցուցանմուշ է կոտրել սելֆի անելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող 14th Factory ցուցասրահի այցելուն 200 հազար դոլարի ցուցանմուշներ է կոտրել՝ փորձելով սելֆի անել դրանց ֆոնին: Այս մասին հայտնում է Mashable պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը փորձել է կքանստել շարքով տեղադրված պատվանդանների դիմաց, որոնց վրա ինստալյացիայի նմուշներ են եղել, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը և պատահաբար դիպել է դրանցից մեկին: Արդյունքում իրար հետևից ընկել է շարքում գտնվող 10 պատվանդան:
Ցուցասրահի ադմինիստրացիայի տվյալներով՝ վնասվել է Hypercaine շարքի երեք ֆիգուր: Արվեստագետներ Սայմոն Բերչի, Գլորիա Յուի, Գաբրիել Չանի և Ջեյքոբ Բլիտցերի աշխատանքներն իրենցից ներկայացնում են տարբեր գույների և ձևերի թագեր:










