«Դուք զուգարանի եք վերածել Վենետիկը». Pink Floyd-ի 1989-ի պատմական համերգը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

15:06 • 15.07.17

Իտալական Վենետիկ քաղաքում 1989 թվականի հուլիսին համերգ է տեղի ունեցել, որն անմոռանալի է դարձել թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Բրիտանական լեգենդար Pink Floyd խումբը համերգ է տվել Սան Մարկո հրապարակում՝ հավաքելով ավելի քան 200 հազար հանդիսատես: Դրանից բացի, համերգն ուղիղ եթերով հեռարձակվել է ավելի քան 20 երկրում. այն հեռուստացույցով դիտել է մոտ 100 միլիոն մարդ:

Երաժիշտները ելույթ են ունեցել Սան Մարկո հրապարակին ամրացված լողացող բեմի վրա: Համերգն անվճար է եղել բոլորի համար. Եվրոպայի բնակիչները տոմսեր են ձեռք բերել ավտոբուսով կամ գնացքով Վենետիկ հասնելու համար:

Միևնույն ժամանակ, միջոցառման կազմակերպիչները հաշվի չեն առել մի շարք կարևոր հանգամանքներ. նրանք հոգ չեն տարել հասարակական զուգարանների մասին և չեն մտածել, որ քաղաքի բոլոր այցելուներին հյուրընկալելու համար բնակարաններ չեն հերիքի: Դրանից բացի, այլ քաղաքներից Վենետիկ ժամանած զբոսաշրջիկներից շատերը բավական գումար չեն ունեցել, ահա թե ինչու մարդկանց ամբոխները քնել են հրապարակում:

Վենետիկի ոստիկանությունը բողոքել է միջոցառումից, քանի որ այն բավական աշխատակիցներ չի ունեցել հասարակական կարգը պահպանելու համար:

 

 

 

Pink Floyd-ի անդամները համաձայնել են ելույթի ժամանակ իջեցնել ձայնի բարձրությունը, որպեսզի ուժեղացուցիչների վիբրացիաները չվնասեն Վենետիկի հնագույն ճարտարապետությունը:

 

 

Ցավոք, խմբի երկրպագուներն ավելի շատ վնաս են հասցրել պատմական հուշարձաններին. նրանք մագլցել են հին շինությունների տանիքներին, ինչպես նաև որպես զուգարան օգտագործել դրա համար չնախատեսված վայրերը:

 

 

Համերգից հետո հանդիսատեսը 300 տոննա աղբ է թողել հրապարակում, ինչպես նաև՝ մի շարք ջարդված լապտերներ. նրանք մագլցել են լապտերների վրա՝ երաժիշտներին ավելի լավ տեսնելու համար:

 

 

 

 

«Վենետիկի խորհրդի փոխնախագահ Ջանի Դե Միկելիսի ղեկավարությամբ Վենետիկը համաձայնություն է տվել Pink Floyd-ի մեծ համերգի անցկացմանը, որը Սան Մարկո հրապարակը վերածել է հսկայական զուգարանի և շրջապատող շենքերը վնասել ուժեղացուցիչների վիբրացիաներով», - այն ժամանակ համերգի մասին գրել է Independent.uk-ը:

 

 

 

 

Վենետիկի վրդովված բնակիչները 7-ժամանոց նստացույց են արել քաղաքապետարանի մոտ՝ բացականչելով. «Ապուշնե՛ր, հրաժարակա՛ն տվեք: Դուք զուգարանի եք վերածել Վենետիկը»:

Ի վերջո, քաղաքապետը և ամբողջ քաղաքային խորհուրդն իրոք հրաժարական են տվել:

Ստորև ներկայացնում ենք պատմական իրադարձությունը ցուցադրող ֆոտոշարքը, որը հրապարակվել է Big Picture կայքում.

 

 

 

 

 

 

 

«Դուք զուգարանի եք վերածել Վենետիկը». Pink Floyd-ի 1989-ի պատմական համերգը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)