Դենիել Ռեդքլիֆը մխիթարել է Լոնդոնում կողոպուտի ենթարկված զբոսաշրջիկին

20:51 • 17.07.17

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում գլխավոր դերով, կանգ է առել Լոնդոնի փողոցներից մեկում՝ կողոպուտի ենթարկված զբոսաշրջիկին օգնելու համար. միջադեպի հետևանքով վերջինս աննշան վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Evening Standard պարբերականը՝ հղում անելով ականատեսին: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի Չելսի թաղամասում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ դանակով զինված երկու տղամարդ մոպեդ քշելով հարձակվել է անցորդի վրա, առևանգել Louis Vuitton բրենդի պայուսակը և հեռացել անհայտ ուղղությամբ: Բախման հետևանքով հաձակվողները դանակով վնասել են տղամարդու դեմքը: 

Նշվում է, որ տուժածը Մեծ Բրիտանիա է եկել մի քանի օրով: Միջադեպի ականատես, նախկին ոստիկան Դևիդ Վիդիսետը փորձել է բռնել հանցագործներին, սակայն նրանք արագ փախուստի են դիմել: Երբ Վիդիսետը վերադարձել է դեպքի վայր, նա այնտեղ տեսել է հայտնի բրիտանացի դերասանին, որը փորձել է մխիթարել տուժածին: 

«Փոքր-ինչ աբսուրդային պահ է եղել: Հարցրեցի՝ արդյո՞ք նա Դենիել Ռեդքլիֆն է, և նա պատասխանեց՝ այո: Նա բավական սիրալիր է եղել. շատ աստղեր կանգ չէին առնի օգնելու համար: Տուժածը շատ, շատ վախեցած է եղել», - պատմել է նախկին ոստիկանը: 

Ռեդքլիֆի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ դերասանը եղել է դեպքի վայրում, սակայն հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ:

 

 

Դենիել Ռեդքլիֆը մխիթարել է Լոնդոնում կողոպուտի ենթարկված զբոսաշրջիկին