Նիդերլանդցին մոտ 90 տարվա հնության լուսանկարչական ապարատ է գնել և հայտածել դրա մեջ հայտնաբերված ժապավենը (լուսանկարներ)

12:49 • 18.07.17

Նիդերլանդցի լուսանկարիչ Մարտին Ֆոն Օերսը Zeiss Ikon 520/2 լուսանկարչական ապարատ է գնել օգտագործված իրերի խանութից և ժապավեն հայտնաբերել դրա մեջ, որը հայտածված չի եղել: Տղամարդը պարզել է, որ լուսանկարչական ապարատն արտադրվել է 1929 թվականին, իսկ ժապավենը՝ 1940-ականներից 1970-ականներն ընկած ժամանակահատվածում: Հետաքրքիր պատմությանն անդրադարձել է Bored Panda կայքը՝ հրապարակելով հայտնաբերված կադրերը:

Ֆոն Օերսի ընկերը՝ Յոհան Հոլեմանը, որն ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է իր օգտագործած ժապավենների հայտածումով, առաջարկել է նրան հատյածել հին ժապավենը՝ նախազգուշացնելով, որ կադրերի իրական տեսքը պահպանելու հավանականությունը փոքր է դրանց հնության պատճառով:

Լուսանկարչի խոսքով՝ ինքը դիտել է ժապավենի հայտածման գործընթացը. մոտ 70 տարվա հնության կադրերից չորսում բավական մանրամասներ են երևացել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասկանալ՝ երբ է լուսանկարչական խցիկն օգտագործվել վերջին անգամ: Կադրերից մեկում նույնիսկ պահպանվել է սարքի տիրոջ դիմանկարը. տղամարդու ձեռքում նրա ապարատի պատյանն է եղել:

«Լուսանկարները հրապարակեցի իմ ֆեյսբուքյան էջում, և ընկերներիցս մեկն ասեց, որ կադրերում պատկերված տեղանքները շատ են նմանվում ֆրանսիական Բիարից քաղաքին: Նա ուղարկեց քաղաքի փողոցները ցուցադրող Google-ի քարտեզը, և ես անմիջապես համոզվեցի, որ լուսանկարներն իրոք արվել են Բիարիցում», - պատմել է լուսանկարիչը:

«Նայելով այս լուսանկարներին թվում է՝ գանձերով փոքր արկղ կամ ժամանակի պարկուճ եմ գտել, որն անցյալը տեսնելու հնարավորություն է տալիս: Իրոք ցանկանում եմ իմանալ՝ ովքեր են լուսանկարներում պատկերված մարդիկ: Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ ժավավենը փոխանցել լուասանկարչի հետնորդներին», - հավելել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիդերլանդցին մոտ 90 տարվա հնության լուսանկարչական ապարատ է գնել և հայտածել դրա մեջ հայտնաբերված ժապավենը (լուսանկարներ)