Իսկ հայերի պատմական անցյալը վիրավորելը թույլատրվա՞ծ է. հայազգի պատգամավորը Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին տուգանող առաջարկի մասին

14:22 • 19.07.17

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, քննադատելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքին, նիստերի կանոնակարգին ու արտաքին վերաբերող փոփոխությունների 18 կետանոց փաթեթը, հայտարարել է, որ դրա իրական նպատակն ընդդիմության ձայնը ամբողջությամբ լռեցնելն է:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Սելինա Դողանի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այս փաթեթը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը:

Ըստ առաջարկի՝ «թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորները պետք է ժամանակավոր զրկվեն նիստերին մասնակցելու հնարավորությունից, բացի այդ՝ նրանց աշխատավարձից կկատարվի 12 000 թուրքական լիրայի չափ պահում: 

Դողանը մեղադրել է իշխանություններին ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածելու համար և հարց հղել Մեջլիսին՝ «եթե Թուրքիայի պատմական անցյալը վիրավորելու հիմունքով Ցեղասպանության մասին խոսողները պիտի տուգանվեն, ապա նույն ամբիոնից հայերին վիրավորողները ի՞նչ պատիժ պիտի կրեն»:

«Թուրքիայում ապրող ու ապրած ժողովուրդների ընդհանուր անցյալը ոչ ոք չպետք է վիրավորի և չի էլ կարող, լա՛վ, իսկ մյուս ազգերը՞: Օրինակ՝ հայերի պատմական անցյալը վիրավորելը թույլատրվա՞ծ է: Հրեաների մասին ամեն պատգամավոր կարո՞ղ է վիրավորական արտահայտություններ օգտագործել: Հույներին, ասորիներին վիրավորելու հարցում ազատությո՞ւն է տրված», - ասել է հայազգի պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ այն դեպքում, երբ հայերն աղոթում են այդ հողերի բարորության համար, Թուրքիայում շարունակում են բոլոր ոխերիմ թշնամիներին բնութագրել որպես հայ:

«Թուրքիայի Հայոց պատրիարքարանը հեղաշրջման փորձի մեկ ամյակին հատուկ հոգեհանգստյան կարգ անցկացրել անցյալ տարվա հուլիսի 15-ին մահացածների հոգիների համար, հրեական համայնքն իր հերթին աղոթքներ հնչեցրեց երկրի խաղաղության ու բարորության համար: Իսկ դուք ի՞նչ արեցիք: Հեղաշրջման փորձի կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենին հայ կոչեցիք, Գյուլենի ու հրեաների համագործակության մասին գրեցիք», - նշել է Դողանը:
 
Նշենք, որ վերոնշյալ առաջարկի 18 կետերից 11-ն արդեն ընդունվել է Մեջլիսի կողմից: