Հոկտեմբերին կհրատարակվի Հարի Փոթերի մասին 2 նոր գիրք
Հոկտեմբերին կհրատարակվի բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի ստեղծած մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերին նվիրված ևս երկու գիրք: Այս մասին հայտնում է Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գրքերը կթողարկվեն Հարի Փոթերի տիեզերքի 20-ամյակի պատվին անցկացվելիք ցուցահանդեսի շրջանակում. «Մոգության պատմություն» ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերից մինչև փետրվար՝ Բրիտանական գրադարանում:
Նշվում է, որ «Հարի Փոթեր. Մոգության պատմություն. Ցուցահանդեսի գիրք»-ը (Harry Potter: A History of Magic – The Book of the Exhibition) կպատմի Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցում դասավանդվող առարկաների մասին, իսկ «Հարի Փոթեր. Ճանապարհորդություն մոգության պատմության մեջ»-ը (Harry Potter – A Journey Through A History of Magic) նվիրված կլինի, մասնավորապես, միաեղջյուրներին, ալքիմիային և հնագույն մոգությանը:
Սրանից բացի, հոկտեմբերին լույս կտեսնի Հարի Փոթերի մասին երրորդ գրքի՝ «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալ»-ի նկարազարդված տարբերակը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Հարի Փոթերի մասին առաջին հեքիաթը 20 տարեկան դարձավ. 1997 թվականի հունիսի 26-ին լոնդոնյան Bloomsbury հրատարակությունը թողարկեց «Ջոան Ռոուլինգի Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը:










