Սա ճանապարհ է հայերին և բրազիլացիներին միացնելու. դեսպանը բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսին

18:00 • 20.07.17

Ես մասնագետ չեմ, սակայն գիտեմ լուսանկարչին և նրա ընտանիքին. Հայաստանում մեկնարկած «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակներում կազմակերպված բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի լուսանկարների ցուցահանդեսին Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

«Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ, որ բրազիլահայերը, որոնք այսօր կազմում են 48 000, իրենց մեջ ունեն շատ տաղանդավոր մարդիկ, ինչպես շատ այլ երկրների հայերի դեպքում է դա: Դա կարծես թե ձեր ԴՆԹ-ն լինի»,- ասաց նա:

Նայելով Գասպար Գասպարյանի լուսանկարներին՝ դեսպանը նկատեց, որ դրանք ներկայացնում են բրազիլական մշակույթ, սակայն եթե ուշադիր նայենք, կարող ենք այնտեղ վստահորեն գտնել որոշ հայկական հայացքներ:

«Նա շատ նշանավոր լուսանկարիչ է եղել Բրազիլիայում: Ես շատ ուրախ եմ, որ հիմա ես այստեղ եմ: Սա ճանապարհ է հայերին և բրազիլացիներին միացնելու: Մենք մշտապես ասում ենք, որ Բրազիլիայում հայ համայնքը առաջ է մղում, մոտեցնում է իրարից հեռու գտնվող երկրներին՝ Հայաստանին և Բրազիլիային»,- ասաց նա:

Դեսպանը պատմեց, որ Գասպարյանների ընտանիքը նշանավոր է Բրազիլիայի համար. լուսանկարիչ Գասպար Գասպարյանի որդիներից` Ֆերնանդո Գասպարյանը, նշանավոր սոցիոլոգ է և ժամանակին եղել է Սենատի անդամ, իսկ նրա աղջիկը՝ Էլենա Գասպարյանը, Բրազիլիայի հայտնի դիվանագետներից է:

«Ահա, տեսեք ընտանիքն ունի հայտնի լուսանկարիչ, սոցիոլոգ, դիվանագետ: Դա արդեն որակի մասին է խոսում»,- ասաց նա: 

Սա ճանապարհ է հայերին և բրազիլացիներին միացնելու. դեսպանը բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսին