Տրիենալեն իրականում ոչ թե նպատակ է, այլ հարթակ է՝ ինչ-որ նպատակների հասնելու համար. Վարդան Կարապետյան

22:55 • 20.07.17

Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանի խոսքով՝ այն, որ Հայաստանում կազմակերպված «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի հենց առաջին օրվա ՝ Գասպար Գասպարյանի և Իլյա և Էմիլյա Կովակովների աշխատանքների ցուցահանդեսները հեղեղված են այցելուներով, արդեն  լավ նշան է:

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Իլյա և Էմիլյա Կովակովների աշխատանքների  ցուցահանդեսի բացմանը Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝  քանի որ տրիենալեն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում և դրա մասին դեռ շատ չի խոսվել, չի կարող ասել, որ այն սպասված միջոցառում է: «Մարդիկ գուցե դեռ չգիտեն, թե դա ինչ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց հիմնած տրիենալեն դեռ պետք է ժամանակի ընթացքում բացահայտվի:

Արվեստների հայկական խորհրդի նախագահը նշեց, որ ժամանակակից արվեստը Հայաստանում զարգացման բավականին լավ մակարդակի վրա է. Գյումրիում է կազմակերպվել բիենալե, Երևանում գործում են ակտիվ կենտրոններ, հիմնադրամներ, արվեստագետներ կան: «Տրիենալեն հավակնում է՝ գոնե այնպիսի հարթակներ ստեղծել, որ տարբեր ստեղծագործող տարրերը միավորվեն կամ գոնե կարողանան միասնական գործունեություն ծավալել: Տրիենալեն իրականում ոչ թե նպատակ է, այլ հարթակ է ինչ-որ նպատակների հասնելու համար»,- ասաց նա:

Վարդան Կարապետյանը ներկայացրեց, որ տրիենալեն կազմակերպելու համար խորհուրդ է ձևավորվել, որն էլ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչել աշխարհահռչակ համադրող  Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի ներկայացրած ծրագիրը:

Տրիենալեի շրջանակներում, ըստ Վարդան Կարապետյանի,  արտասահմանցի և հայաստանցի արվեստագետները, մի քանի ամիսների ընթացքում աշխատել են  այստեղ՝ Հայաստանում՝ հայաստանցի իրենց գործընկերների հետ համատեղ  և նրանց համատեղ աշխատանքներն են ներկայացվելու ցուցահանդեսներում:

Այս առումով բացառություն են կազմում աշխարհահռչակ Իլյա և Էմիլյա Կաբակովները, որոնք, չնայած չեն ներկայացել տրիենալեին, սակայն  իրենք անձամբ են ընտրել իրենց այն ինստալյացիաները, որոնք պետք է ներկայացվեն: Հայ արվեստասերն այսօր հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրանց՝  «Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ» և «Համերգ ճանճի համար» աշխատանքներին:

Գասպար Գասպարյանի ցուցահանդեսի դեպքում էլ, ըստ Վարդան Կարապետյանի, ներկայացված գործերն ընտրել է արվեստագետի որդին:

«Մնացած արվեստագետներն աշխատել են այստեղ: Համադրողը արվեստագետներին առաջարկել էր «Անալոգ լեռը» խորագիրը, որը ֆրանսիացի գրող Ռընո Դոմալիի  անավարտ վեպն է, և դրանով Ադելինը հնարավորություն է տվել նրանց վեպն ավարտել իրենց արվեստի միջոցով և վեպի ոգուն հետևել, որն է՝ լեռը մագլցելու փորձը դառնում է արվեստի փորձ»,- ասաց նա:  

Տրիեանելի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն էլ Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ տրիենալեն սկիզբն է և նրանք պետք է շարունակեն իրենց նախաձեռնությունը. «Մենք մեծ ծրագիր ենք արել, աշխատել ենք նաև Գյումրիում տեղի արվեստագետների հետ: Տրիենալեն շարունակվելու է սեպտեմբերին մինչև դեկտեմբեր»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ տրիենալեն նոր սերնդին ցույց կտա, թե ինչ կարևոր երկրում են նրանք ապրում:  

Նա նշեց, որ Հայաստանում ժամանակակից արվեստը զարգացման լավ մակարդակի վրա. «Կարծում եմ, որ այն գնալով կզարգանա»,- ասաց նա:

 

 

Տրիենալեն իրականում ոչ թե նպատակ է, այլ հարթակ է՝ ինչ-որ նպատակների հասնելու համար. Վարդան Կարապետյան