Իրանում մեկնարկել է հայկական ֆիլմերի շաբաթը

15:20 • 24.07.17

Հուլիսի 23-ին Իրանի արվեստագետների տան «Նասերի» դահլիճում տեղի է ունեցել հայկական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայաստանից ժամանած կինոռեժիսորներ Արամ Շահբազյանն ու Արեն Վաթյանը, մեծաթիվ հյուրեր:

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում և Շիրազում հուլիսի 23-ից 29-ը ցուցադրվելիք ֆիլմերն ու դրանց կարճ բովանդակությունը:

Հանդիսությանը ելույթով հանդես է եկել դեսպան Թումանյանը, ով ներկայացրել է հայկական կինոյի անցած ուղին և հայ-իրանական մշակութային առնչությունները:

Բացման արարողությանը հաջորդել է Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հայ կինոռեժիսորների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նվիրված հայկական կինոարվեստի պատմությանն ու կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին: 

 

Իրանում մեկնարկել է հայկական ֆիլմերի շաբաթը