ԱՄՆ-ում ավելի քան 40 տարվա մոռացությունից հետո հայտնաբերվել է Ուորհոլի գլուխգործոցներից մեկը

14:48 • 24.07.17

Ռոք երգիչ Էլիս Քուփերը գտել է 20-րդ դարի հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի՝ ավելի քան 40 տարի մոռացության մատնված գլուխգործոցներից մեկը, որի արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի:

Ինչպես նշում է The Guardian-ը, երաժիշտն այն գտել է իրերի պահման համար նախատեսված իր խցիկում, որտեղ այն գլանաձև ծալած դրված է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Little Electric Chair նկարի մասին է: Այն երբևէ շրջանակի մեջ չի դրվել: Նկարում պատկերված է մահապատժի իրականացման համար նախատեսված էլեկտրական աթոռ:

Հայտնի է, որ Քուփերն ու Ուորհոլն ընկերներ են եղել: Նկարիչը 1972թ. իր աշխատանքը նվիրել է փառքի գագաթնակետին գտնվող ռոք աստղին, մինչդեռ վերջինս այն դրել է պահման խցիկում ու մոռացել դրա գոյության մասին:

Հավելենք, որ 1987թ. կյանքից հեռացած Ուորհոլը համարվում է փոփ-արտ ուղղության առաջնորդներից և ամենից ճանաչված ներկայացուցիչներից մեկը:

ԱՄՆ-ում ավելի քան 40 տարվա մոռացությունից հետո հայտնաբերվել է Ուորհոլի գլուխգործոցներից մեկը